30 Նոյեմբերի, 2016

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է հեմոռագիկ շոկ պայմանավորված ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ կնոջ մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը հրապարակում ենք մահվան պատճառի վերաբերյալ փորձագետների եզրակացությունը։

«Հ. Նազլուխանյանի մահվան անմիջական պատճառն է հեմոռագիկ շոկը, որը պայմանավորված է հետծննդաբերության վիճակից հետո, վաղ հետծննդյան շրջանի, հեշտոցի ձախ կողմնային պատի անցումով արգանդի պարանոցին ծննդաբերական պատռվածքի, հեշտոցի աջ կողմնային պատի արյունահավաքի, մասնակի կարված հեշտոցի ձախ կողմնային պատի պատռվածքի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի փափուկ հյուսվածքների արյունով ներծծման, արտաքին սուր արյունահոսության, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասության հետ»,- նշված է թիվ 0922 փորձագիտական եզրակացության մեջ:

Քննիչը նույն օրը նոյեմբերի 29-ին, որոշում է կայացրել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն բժշկի սխալի առկայությունը պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

 

Լրահոս