ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։
Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։
Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։
Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների և դիմորդների հետ՝ անձամբ գնահատելու նրանց պատրաստվածության և մոտիվացիայի մակարդակը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ոստիկանությունում ծառայելը պարզապես աշխատանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է բարեվարքության բարձր մակարդակ և
պատասխանատվություն։
Նախարար Սարգսյանը կարևորել է դիմորդների բազմակողմանի գնահատումը, այդ թվում՝ հաղորդակցության հմտությունները, հոգեբանական կայունությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։
«Անհրաժեշտ է, որ պարեկներն ունենան տարբեր իրավիճակներում ճիշտ և արագ որոշումներ կայացնելու ունակություն՝ պահպանելով բարեկրթություն և հանդուրժողականություն»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Ընտրող հանձնաժողովների կազմը ներառական է․ ներգրավված են Ոստիկանության, պետական այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և հոգեբաններ։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, որը նաև ըտրող հանձնաժողովներից մեկի նախագահն է, մանրամասնել է ապագա պարեկների կողմից ոչ ստանդարտ իրավիճակներում մոտեցումների կարևորությունը, նրանց ունակություններն ու կարողությունները գնահատելու չափորոշիչները։
Ընդունելության գործընթացը թափանցիկ է, իսկ չափորոշիչները՝ խիստ, բայց հաղթահարելի։
Պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 239 տեղ, որոնցից 190-ը նախատեսված են իգական սեռի դիմորդների համար։


