16 Մայիսի, 2025
Իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական և քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչն արվել է այս պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նրանց հիմնական նպատակը և թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, գաղափարական և մարտական ընկերների հետ պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ։ Դա այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորի խոսքով, խնդիրն այն է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի խմբի կողմից, որը չունի բովանդակություն, կարողություն, ռազմավարական տեսլական։

«Նրանք չեն տիրապետում պետական կառավարման հիմքերին, նրանք ձախողել են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության և թե՛ հասարակական համերաշխության և արդարադատության ոլորտներում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է բովանդակային հարցեր, իշխանությունները պատասխան չունենալու պատճառով խոսակցությունը փողոցային մակարդակի են իջեցնում.

«Սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի»։

Լրահոս