16 Մայիսի, 2025

«Հրապարակի» զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասան Լեւս Դավթյանն է:

— Վերջին տարիներին, կարծես, թատրոնների հանդեպ հետաքրքրությունը, սերը մեծացել է, մարդիկ անհամեմատ ավելի շատ են սկսել թատրոն հաճախել, անգամ կան ներկայացումներ, որոնք դիտելու համար մի քանի օր շուտ պետք է տոմս ձեռք բերել: Sակայն, այս ամենին զուգահեռ, իշխանությունները, կարծես, բացասաբար են տրամադրված թատրոնների հանդեպ: Այս յոթ տարվա ընթացքում մի քանի թատրոն հասցրել են կազմաքանդել, մի մասը բառի ուղիղ իմաստով են ոչնչացրել, մի մասը՝ պառակտելով, խառնակչություններ անելով, ՔՊ-ական տնօրեններ նշանակելով: Ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների այս «ուժգին սերը» թատրոնների հանդեպ:

— Անկեղծ ասած, այնքան էլ համաձայն չեմ այն մտքի հետ, որ հիմա մարդիկ ավելի շատ են թատրոններ հաճախում եւ կարեւորում թատրոնների աշխատանքը: Մարդկանց հետաքրքրությունն ավելի շատ ավելանում է ստենդափների, ժամանցային, հումորային ակումբների հանդեպ, նույն Հ1-ի  արբանյակ «Նոր ալիք»-ը, որը տիկտոկերների է հավաքել ու լցրել եթեր: Մարդկանց հետաքրքրությունն այդ ժամանակավրեպ աղբերի հանդեպ է մեծացել: Իսկ բուն թատրոնների հանդեպ` ոչ այնքան: Ինչ վերաբերում է թատրոններ փակելուն, ապա թատրոնները բավականին խոցելի են, քանի որ գտնվում են քաղաքի կենտրոնում: Թատրոնների շենքերը վաղը-մյուս օրը կարող են ինչ-որ մարդկանց պետք գալ, դրա համար հիմիկվանից թուլացնում են դրանց հիմքերը, որպեսզի հետո դրանց հեշտ տիրանան: Թատերական գործիչներ, դրամատուրգներ, ռեժիսորներ եւ շատ այլ մասնագետներ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են թատրոնին, սակայն մի փոր հացի համար լռում են, հերթով բոլորը կանգնելու են այս խնդիրների առաջ: Ես միայն մեկ թատրոնի ղեկավարի գիտեմ, որը չի լռել ու պայքարել է այս դավաճանական իշխանության դեմ, խոսքը Մհեր Մկրտչյանի մասին է: Ես ուրիշ ոչ մեկին չգիտեմ….

— Հիմա, Մհեր Մկրտչյան թատրոնի նման, նաեւ կազմաքանդում են Պատանի հանդիսատեսի թատրոնը, արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ու խառնաշփոթ ստեղծել թատրոնում:

— «Գոյ» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մհեր Մկրտչյան թատրոնը եւ այլն, բայց ասեմ՝ երբ մեզնից խլում էին Մհեր Մկրտչյան թատրոնը, ոչ մի պետական թատրոնի ղեկավար, ոչ մի դերասան կամ ռեժիսոր հանրային կարծիք չհայտնեց, չքննադատեց, չասաց, որ շատ վատ  արարք են գործում, հա՝ ինչ-որ պատերի տակ կամ սեղանների շուրջ կենաց ասելիս ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ ասացին, բայց, մեծ հաշվով, համընդհանուր, միասնական ընդվզում տեղի չունեցավ: Արդյունքում նման իրավիճակները լինելու են շարունակական, բոլորին էլ նույն բանն է սպասվում…. այս ամենը տեղի է ունենում Հայաստանի թատերական գործիչների չմիության անգործության արդյունքում: Այդ միությունն ինչո՞վ է զբաղվում ընդհանրապես, ինչ-որ իմպոտենտ կարծիքներ հայտնելուց, անիմաստ ճառեր ասելուց բացի ո՞րն է այդ կառույցի գործառույթը: Ինչ-որ իրար հակասող, կցկտուր, իմպոտենտ ու անողնաշար մոտեցումներ են ցուցաբերում, առհասարակ կարող են փակել այդ միությունը, այն իր նպատակին չի ծառայում: Եթե թատրոնների դեմ ապօրինությունների մասին էլ չպետք է խոսեն, ապա ինչի՞ համար են նրանք: Ո՛չ կարծիք ունեն, ո՛չ տեսակետ: Խորեն Աբրահամյանից հետո Հայաստանում չկա Թատերական գործիչների միություն:

— Տեսնելով ՔՊ-ականների պայքարը` թատրոնների տնօրեն կարգելու հարցում, կարելի է ենթադրել, թե «մեղր են բաժանում» տնօրեններին, մինչդեռ ո՛չ նորմալ աշխատավարձ են ստանում, ո՛չ էլ առանձնապես ինչ-որ մի մեծ արտոնություններից են օգտվում: Ո՞րն է տնօրեն դառնալու այդ անհագ ցանկության պատճառը:

— Ամեն ինչ իրար են խառնել: «Գեղարվեստական ղեկավար» ասվածը գրեթե բոլոր թատրոններից հանվել է, ռեժիսորներն ու դերասանները սկսել են  վարչարարությամբ զբաղվել, բայց ո՛չ դրան համարժեք կրթություն ունեն, ո՛չ գիտելիք ունեն, ինչի՞ համար էր այդ հիմարությունը: Թատերական աշխարհում մի կլան կա` Ռուբեն Բաբայանի կլանը, նա Նիկոլի սիրելին է, բոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանը: Փորձառու, սիրված տնօրեններին աշխատանքից հեռացնում են, փոխարենը բերում են Ռուբեն Բաբայանի նիկոլական արբանյակներին: Մհեր Մկրտչյան թատրոնի տնօրենն էլ է իր կլանից, Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ են Ռուբենի ականջները երեւում, ամենուր իրենք են: Բայց գոնե չեն էլ կարողանում արդարացնել իրենց: Ինչ-որ փախած ներկայացումներ են բեմադրում, որոնք միայն իրենց «արվեստասեր» կլանն է ընկալում: Նույն Մհեր Մկրտչյան թատրոնն այսօր անձեռագիր, անիմաստ թատրոն է դարձել, հանդիսատես այլեւս չունեն, քիչ թե շատ վաճառվում են Մհերի ժամանակվա ներկայացումների տոմսերը, իրենց նոր ներկայացումներն այդպես էլ շռնդալից հաջողություն չունեցան, տոմս չեն կարողանում վաճառել: Մեր ժամանակվա սուբսիդիայի պլանը երեք անգամ իջեցվել է, այն պլանը, որ մենք գերակատարում էինք, նոր տնօրենը` վերանորոգված թատրոնում, նոր դերասաններով երեք անգամ իջեցրել է պլանը: Չգիտեմ, թե ինչպես են այդքան տոմսեր չվաճառելը «սվաղում»: Պատանի հանդիսատեսի թատրոնը նորմալ թատրոն է, նորմալ աշխատում են մարդիկ, ինչո՞ւ են ուզում այդ թատրոնն էլ քանդել: Վստահ եմ, որ սրանց նպատակը բոլոր պետական թատրոնները փակելն ու թատրոնների շենքերը պարսիկների եւ թուրքերի համար վայելքների վայր սարքելն է: Ինչպես են փորձում բուհերին լարել Աշտարակ, մի օր էլ որոշելու են դերասաններին լարել, ասենք` Վարդենիս։

 

Լրահոս