Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ցուցանիշների աճ է գրանցվել տնտեսության մի շարք ոլորտներում, սակայն նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.5 տոկոսով՝ կազմելով 599 միլիարդ 826.7 միլիոն դրամ:
Մարտին մեկամսյա կտրվածքով աճել է 15.9 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 16.9 տոկոսով՝ կազմելով 219 միլիարդ 340 միլիոն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, ծավալը նվազել է 0.9, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 26.7 տոկոսով՝ կազմելով 189 միլիարդ 443.9 միլիոն դրամ:
Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 41.3, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 10.4 տոկոսով՝ կազմելով 190 միլիարդ 547 միլիոն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.5 տոկոսով՝ կազմելով 97 միլիարդ 469.9 միլիոն դրամ: Ոլորտի վերաբերյալ այլ ցուցանիշներ չեն ներկայացվում:
Շինարարության ծավալը տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.6 տոկոսով՝ կազմելով 77 միլիարդ 568.1 միլիոն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 31.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15.5 տոկոսով՝ կազմելով 32 միլիարդ 920 միլիոն դրամ:
Ներքին առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին երեք ամիսներին 6 տոկոսով մեծ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրիլիոն 343 միլիարդ 627.6 միլիոն դրամ:
Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 16.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.2 տոկոսով՝ կազմելով 520 միլիարդ 969.3 միլիոն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 16.6, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 6 տոկոսի աճ՝ կազմելով 443 միլիարդ 503.2 միլիոն դրամ: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 51.8 տոկոսով, սակայն 9.9 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 379 միլիարդ 155.1 միլիոն դրամ:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2025-ի առաջին եռամսյակում 11.5 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 865 միլիարդ 288.2 միլիոն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 11.5, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 10.1 տոկոսով՝ կազմելով 309 միլիարդ 167.9 միլիոն դրամ: