3 Փետրվարի, 2023
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում, գրում է Civilnet.am-ը:

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։

Լրատվամիջոցը գրում է, որ կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։

Կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ առանձնատան տարածքը 2013-ին Քասախ համայնքից ձեռք էր բերել Ռոզա Գալստյան անունով անձը։ 2013-ից մինչև 2020-ը տարածքում մի քանի սեփականատեր է փոխվել։ 2020-ին հողատարածքը 20 մլն դրամով ձեռք է բերել Ռաֆայել Մանուկի Մուրադյանը, որը տարածքում սկսել է կառուցապատում, և այն օրինականացրել է միայն 2021-ի դեկտեմբերին։ Նույն ամսին Մուրադյանը առանձնատունը գրավադրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում։
Ըստ Yandex map-ում առկա լուսանկարների՝ այդ տարածքում շինարարարությունը սկսել է 2020-ի տարեսկզբին։ 2022-ի մարտի դրությամբ՝ շինությունը պատրաստ է եղել և հանվել վաճառքի։

Լուսանկարները` Yandex map-ի

Կադաստրում առկա փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին հիփոթեքային պայմանագիր է կնքվել վաճառող Ռաֆայել Մուրադյանի, գնորդ-գրավատուներ Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև, որը հանդես է գալիս որպես վարկատու գրավառու։

Փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ («Հայէկոնոմբանկի» սեփականատերը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է)։

«Արմսվիսբանկը» տվել է իր համաձայությունը գույքը օտարելու և այլ բանկում գրավադրելու՝ պայմանով, որ հինգ օրվա ընթացքում Ռաֆայել Մուրադյանի՝ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններն ամբողջական կմարվեն։ Դեկտեմբերի 29-ին արդեն վարկային պարտավորություններն ամբողջության մարված են եղել։

Մեկ օր առաջ էլ՝ դեկտեմբերի 28-ին, Կադաստրի կոմիտեն գրանցել է Գոհար Աբաջյանի ու Արարատ Միրզոյանի իրավունքներն առանձնատան նկատմամբ։

Ինչպես նշեցինք, ամուսինները առանձնատունը ձեռք են բերել 112 մլն դրամով (ըստ Կադաստրի՝ շուկայական արժեքը 115 մլն դրամ է)։ Հատկանշական է, որ պայմանագրում նշված չէ վարկի տոկոսավճարը։

Ընդհանուր առմամբ, «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու Աբաջյանը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։

Ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր հողամասը 951 քմ է, տունը՝ 288 քմ, կա նաև ավտոտնակ՝ 61 քմ, և օժանդակ շինություն՝ 81 քմ:

Այցելելով տարածք՝ պարզ դարձավ, որ առանձնատան ու բակի շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն։ Տեղի բնակիչները հայտնեցին, որ ներկայում տանը շինաշխատանքներ չեն իրականացվում։ Նրանք տեղյակ չէին՝ ով է իրենց նոր հարևանը։

Արարատ Միրզոյանի նոր առանձնատունը

Մանրամասները` կայքում:

kotayk

Լրահոս