27 Հունվարի, 2023
ՆԱԽԿԻՆ ՏԱՔՍԻՍՏԸ ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻՆ Է․
Իսկ ավելի ճիշտ՝ «Տեղը՝ փափուկ, ինքը… թափուկ»: Ժողովրդական այս խոսքը մտաբերեցինք, երբ իմացանք Արագածոտնի նախկին «վայ» մարզպետ Դավիթ Գեւորգյանի նոր նշանակման մասին:
Ուղիղ մեկ տարի եւ մեկ ամիս պետք եղավ, որ նա վերստին վաստակեր վարչապետի վստահությունը: Եվ անցած տարեվերջին, ավելի քան երեք տարի մարզպետական «փափուկ» աթոռը մաշելուց եւ «թափուկ» կարգավիճակում մեկ տարի պարապ-սարապ մնալուց հետո, սույն պարոնը նշանակվել է ոչ ավելի, ոչ պակաս…
ՀՀ վարչապետի օգնական: Գոնե լա՜վ է՝ խորհրդական չի նշանակվել, այլապես, պատկերացնո՞ւմ եք, թե նա ի՜նչ «իմաստուն», «դարակազմիկ», «ազգափրկիչ» խորհուրդներ պիտի տար, որոնց հետեւանքները, Աստված մի արասցե, անդառնալի կամ… դառնալի հետեւանքներ ունենային հատկապես ազգային անվտանգության ոլորտում:
Ճիշտ է, նոր այս պաշտոնն այնպես պատվաբեր չէ, ինչպես մարզպետի լուրջ ու ծանրակշիռ գործը, բայց դե՛, տաշած քար էր դարձել, գետնին հո՜ չէր մնա… Իսկ միգուցե՞ սա ինչ-որ միջանկյալ մի բան է, որ հետո դառնալու է ցատկահարթակ ավելի բարձր պաշտոնի…
Ամեն դեպքում, դժվար է ասել, թե ի՜նչ «շտապ օգնություն» է Դավիթ Գեւորգյանը մատուցելու վարչապետին, բայց ավելի քան համոզված ենք, որ մեկ-երկու տարի նա կձգտի չքմեղանալ, յուր հավատարմությունը ցուցանել Փաշինյանին, իսկ երրորդ տարում, երբ ոտը տեղը բռնի, ձեռը վրա գա, ինչպես եղավ Արագածոտնում, էլ ի՜նչ Նիկոլ, ի՜նչ ՔՊ…
Չենք կարծում, թե Դավիթ «անհաղթն» այս նոր աթոռին երկար է մնալու, քանզի ինքը սովոր է, ժարգոնով ասած՝ հաբռգելու: Եվ նրա տեղը ինչքան էլ «փափուկ» լինի, միեւնույն է, ինքը հայտնվելու է «թափուկ» վիճակում:
Վարդեւան ԳՐԻԳՈՐՅԱՆ
kotayk

Լրահոս