Aravot.am-ի տեղեկություններով, Վարդենիսի համայնքապետարանում դեկտեմբերի 30-ին ծառայություն իրականացնող ոստիկանը նկատել է, որ Վարդենիսի 40-ամյա բնակիչ Դավիթ Ա.-ն, նույն օրը, ժամը 11.30-ին հարվածել եւ կոտրել է համայնքապետարանի պատուհանի ապակին: Դեկտեմբերի 30-ին ժամը 18.30-ի սահմանում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննիչներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը կեսօրին ժամը 14-ի սահմաններում, 30-ամյա Արթուր Մ.-ն եւ 19-ամյա Ժիրայր Ս.-ն կոտրել են համայնքապետարանի դռան ապակին: Ձեռնարկվում են միջոցներ Դավիթ Ա-ին, Արթուր Մ-ին ու Ժիրայր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր։ Դեկտեմբերի 30-ին, Վարդենիսի համայնքի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը (լուսանկարում սպիտակ վերնաշապիկով) ոստիկանություն հաղորդում է տվել որ նույն օրը ժ.11.00-ին, Վարդենիսի համայնքապետարանում պետք է տեղի ունենար ավագանու նիստ։ Ինքը իր աշխատասենյակում էր եւ լսելով բարձր ձայներ, գնացել է նիստերի դահլիճ։ Համայնքի ղեկավարը դիտողություն է արել Կարեն Մկրտչյանին, որը բոլորի ներկայությամբ վիրավորել է համայնքապետին։
Այնուհետեւ, ըստ վերջինիս «ներխուժել է իր աշխատասենյակ, հայհոյել է իրեն եւ պատճառել ծանր վիրավորանք»։ Արամ Մելքոնյանն այդ պահին մեկ անգամ ապտակել է Կ.Մկրտչյանին վերջինիս զսպելու համար։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: