10 Հունիսի, 2023
Հայաստանի ՏԻՄ-ում անչափ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ ավագանիները, որոնք կոչված էին այս կամ այն համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու, զբաղված են ամեն ինչով, բացառությամբ իրենց բուն գործառույթների: Բանը հասել է նրան, որ օրվա լրահոսից անպակաս են այս կամ այն ավագանու անդամի կատարած ապօրինությունների մասին ահազանգերը, իսկ շատերի դեմ անգամ քրեական գործեր են հարուցված: Այս առումով՝ վատ իմաստով ռեկորդներ են խփում Գյումրիի ավագանու անդամները և ընդհանրապես՝ Գյումրիի ՔՊ-ական ակտիվը՝ յուրայինները, թաղային հեղինակությունները, գործարարները, որոնք, կարծես թե, հավատացել են, որ իրենց ամեն բան թույլատրվում է:

Դիցուք՝ Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Տեղեկությունը հաստատել էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։

Ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Երվանդ Խանամիրյանն էր աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել, երբ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում ապօրինի շինարարութուն էր սկսել։ Առանց շինթույլտվության կառուցված շենքը հենց քաղաքապետարանն էլ ապամոնտաժեց։ Ի դեպ, Խանամիրյանին էլ այսօր տնային կալանքի ենթարկեցին, սակայն, ոչ թե ապօրինի կառուցապատման, այլ քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառով:

Օրեր առաջ էլ Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝  ՔՊ-ականների մասնակցությամբ: ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք  հասցնելու մեջ:

Մամուլի տեղեկություններով`  Գյումրու քաղաքապետարանում երեկ կրկին մեծ սկանդալ է տեղի ունեցել․ անձնական գործով քաղաքապետարան այցելած քաղաքացուն ծեծել են քաղաքապետարանի աշխատակիցները, որին հասցրել են հիվանդանոց: Գյումրի բժշկական կենտրոնից գրեթե հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ զանգ են ստացել, քաղաքացի է շտապօգնության մեքենայով տեղափոխվել իրենց մոտ, որին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Ոստիկանությունից նույնպես չհերքեցին տեղեկությունը՝ նշելով, թե փաստաթղթեր են կազմվել, տարվում է համապատասխան քննություն: Ըստ որոշ տեղեկությունների`  քաղաքացու հետ վիճաբանել է հայնքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը:

Հեղափոխությունից հետո ՔՊ-ականների շնորհիվ Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքից վերածվել է կրիմինալ մայրաքաղաքի: Հեղափոխության օրերին, սկսելով փաստացի այդ հեղափոխությունը Գյումրիից, Փաշինյանը հայտարարում էր, որ գալու են քաղաքում արմատացած կրիմինալն ու ամենաթողությունը արմատախիլ անելու

Այսօր Փաշինյանի թիմակիցները փաստացի ոչ միայն արմատախիլ չեն արել վերը նշված բացասական երևույթները, դեռ մի բան էլ ծաղկեցնում են դրանք…

kotayk

Լրահոս