ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանը եւ Երեւանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանը վերակազմակերպել՝ ստեղծելով «Երեւանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:
Հիմնավորման մեջ նշված է, որ երկու ուսումնական հաստատությունում առկա է 5 մասնագիտության իրականացման համընկնում, եւ ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում, եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում՝ պահպանման նպատակով: «Երեւանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թվականին:
Ըստ նախագծի, ակնկալվում է, որ հանրության բարձրորակ կրթության ապահովման համար կստեղծվեն պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն մանկավարժական ներուժով, եւ արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:
Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը եւ Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: