15 Նոյեմբերի, 2023

Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։

Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակներում։ Ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։

«2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 միլիարդ դրամով կամ 15,4 տոկոսով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ չնայած տնտեսական աճի զգալի մասը ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում։

«Միայն արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ կառավարությունը արդեն ջանքեր գործադրել է և առաջիկայում կլինեն հավելյալ միջոցառումները»,- նշեց Հովհաննիսյանը։

kotayk

Լրահոս