22 Մարտի, 2025
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն այսօր «Հատիկառհատիկ» խորագրի ներքո հերթական ստատուսն է գրել այն մասին, որ դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 926.81 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: «Շուկայականին մոտարկված արժեքը՝ 114 միլիոն դրամ»։ Այսինքն, մի կտոր թալան էլ է վերադարձրել:Մենք պարզեցինք, որ բնակելի տունը պատկանում է քաղաքացի Սուրիկ Վաչիկի Գաբրիելյանին, որը կյանքում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, մասնակցել է արցախյան առաջին ազատամարտին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից զենքով է պարգեւատրվել եւ ամենաուշագրավը՝ մահացել է 2016 թվականին։Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած  փուլում կարճում է գործի վարույթը, եթե անձը մահացել է մինչ հայցի հարուցումը։ Ինչ իրավական հիմքով են մահացած եւ որեւէ պաշտոն չզբաղեցրած մարդու նկատմամբ դատավարությունն իրականացրել, դժվար է ասել, սակայն Փաշինյանի իշխանությունում ամեն բան հնարավոր է՝ հանուն քարոզչության։ Մենք այս գործի մասին մանրամասն գրել ենք շաբաթներ առաջ https://hraparak.am/post/7deaa79c8cebe85a5ebed1d89062cd36։

Պարզեցինք նաեւ, որ Սուրեն Գաբրիելյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եղբոր, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով:

«Հայբիզնեսբանկի» շուրջ աղմուկն սկսվեց 2013 թվականին, երբ լուրեր տարածվեցին, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը պատրաստվում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը, բայց բանկում ստուգումներ կատարելուց հետո խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին, եւ գործարքը չկայացավ, փոխարենը պաշտոնից հեռացավ բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը։ Լուրեր տարածվեցին, որ Արա Կիրակոսյանի հրաժարականի պատճառն այն է, որ առանց սեփականատերերի գիտության նա ֆինանսական գործարքներ է արել, կեղծ փաստաթղթերով փողեր է կանխիկացրել ու հանել ինչ-որ անհայտ ընկերությունների միջոցով։ Ըստ մեղադրանքի՝ խոսքը մոտ 10 մլն եվրոյի մասին է, որը Արա Կիրակոսյանը, ըստ մեղադրանքի, յուրացրել է Սուրիկ Գաբրիելյանի հետ՝ փողերի լվացման ճանապարհով։

Բռնագանձված տան լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ խոսքը մի խարխուլ տան մասին է, որը շատ ցածր արժեք ունի: Կարելի է ասել` մահացած մարդուն պատկանող հողատարածք է բռնագանձվել։

Լրահոս