«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի առաջ, երբ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, և հիմա՝ 7 տարի անց, ի՞նչ ունենք (երևի, ավելի շուտ՝ չունենք): Կանխավ նշենք, որ չենք հավակնում համընդգրկուն ամփոփման, այնպես որ, յուրաքանչյուրն իր «զանգակատնից» նայելով՝ կարող է ինքնուրույն նաև լրացնել:
Յոթ տարի առաջ միջազգայնորեն ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցության առարկա էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու դրա վրա խարսխված՝ ԼՂՀ ճանաչումը: Այսօր փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար արծարծվող «խաղաղության համաձայնագրում» անգամ անուղղակիորեն որևէ ակնարկ չկա Արցախի ու Արցախի հայության՝ սեփական բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքների մասին: Յոթ տարի անց «ունենք» այն, որ Հայաստանի իշխանավորները Արցախի հարցը համարում են փակված, ընդառաջում են ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ հանդես գալու թշնամական առաջարկին:
Յոթ տարի անց Հայաստանի դատական համակարգը ամբողջապես դրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի «մտքերի տակ», կամքի տակ, իսկ ԲԴԽ նախագահը հրաժարական է տալիս վարչապետի «sms»-ով:
Յոթ տարի առաջ կար քիչ թե շատ հստակություն ունեցող պետական կառավարման համակարգ: Փաշինյանի կառավարման 7 տարվա հետևանքներից մեկն այն է, որ պետական կառավարման համակարգը վերածվել է խառնափնթոր մի գոյացության: Յոթ տարի առաջ ունեինք մոտ 6 միլիարդ դոլարի պարտք, հիմա ունենք մոտ 13 միլիարդ դոլարի պարտք…
Յոթ տարի առաջ, լավ-վատ, բայց ունեինք հասարակություն, ներազգային որոշակի կոնսենսուս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ընդգրկմամբ: Հիմա նախ՝ Արցախը հայաթափված է, իսկ Սփյուռքը, Հայաստանը, առհասարակ հանրությունը՝ ներքուստ տարանջատված: Բայց ամենից ահավորն է, որ արդեն 7 տարի ունենք մի իշխանություն, որ ինքն է գեներացնում ու սերմանում ներքին թշնամանք ու ատելություն:
Յոթ տարի առաջ շատերին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու 4, 5, 10 տարի անց՝ իր և իր զավակների կյանքի ընթացքի հիմնական խնդիրները պլանավորելու, կառավարելու առումով: Հիմա՝ յոթ տարի անց, շատ-շատերի հիմնական մտահոգության առարկան այն է, թե ինչ է լինելու 1 օր, 2 շաբաթ կամ 3 ամիս անց, այն առումով, թե ինչ նոր աղետ են բերելու, ինչ մի նոր հարկ են մտցնելու կամ երկրի որ հատվածն են թշնամուն հանձնելու իշխանությունները:
Սարսափելի է, իհարկե, մտածել 8-րդ տարվա ամփոփման մասին: Բայց միգուցե չարժե՞ բանը դրան հասցնել: Վերջին հաշվով, Հայաստանը մեր երկիրն է…