Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքներում: Նշվում է, որ կիբերանվտանգության ապահովումը ներկայումս կրում է անդրսահմանային բնույթ, և Հայաստանը միջազգային համագործակցության և ստանձնած պարտավորությունների շրջանակներում չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումների և գործիքակազմերի ներդրման ուղղությամբ։
«Կիբերանվտանգության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունը կօգնի կիբերանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբերանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբերմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբերանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբերվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբերգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։