26 Մարտի, 2025

«Հրապարակ»–ը գրում է․

«Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, սպասողական վիճակում է։ Փետրվարի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի բողոքը եւ անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, բայց մինչ օրս պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի որոշումը չունի։

«Սպասում ենք վերաքննիչի որոշման տեքստին, որ դիմենք Վճռաբեկ դատարան, բայց որոշումն ուշացնում են։ Երեւի իրենց կարդացած որոշումը չեն կարողանում ձեւակերպել, գիտեն, որ հասնելու ենք Եվրադատարան»,- ասում է Մարգարիտա Շահնազարյանը։

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին դատապարտել են ստալինյան ոճով՝ մեկ կորզված ցուցմունքի հիման վրա, եւ այդ մեկ ցուցմունքը հենց նա է տվել իր դեմ, երբ քննիչները սպառնացել են «փակել կնոջը»։ ԱԱԾ-ում Սարգիս Գալստյանի համար նույնիսկ լրտեսական անուն են մոգոնել՝ Սարխան, օգտագործելով Գալստյանի ֆեյսբուքյան պրոֆիլի «նիկնեյմը», որը նշանակում է սարերի իշխան։
Մարգարիտան հիշում է՝ քննիչն ասել է Սարգիսին. եթե խղճում ես կնոջդ, ստորագրի, թե չէ նրան էլ ենք փակելու։ «Դատարանում իր վերջին խոսքում ամուսինս պատմել է նորից, թե ոնց են իրեն ստիպել առանց ակնոց, իսկ նա +4 տեսողություն ունի, ինչ-որ տեքստ գրել, ոնց են սպառնացել, ասելով՝ եթե խղճում ես կնոջդ, ստորագրի։ Մեղադրանքի մասին նա ասել է, որ երբեք չէր կարող նման քստմնելի արարք կատարել։ Այս գործը ՀՀ-ում կարվել է ազնվագույն մարդու դեմ։ Եթե ես հարեւան կաբինետում փակված չլինեի, եւ նրան թույլ տային գոնե մի զանգ աներ, դա չէր հաջողվի»,- ասում է Մարգարիտան։

Այն ժամանակ ՔԿ ղեկավարը դեռ Արգիշտի Քյարամյանն էր։ Նա անձամբ սպառնացել է Սարգիսին, ասել՝ «ընտանիքդ պետք ա վառել հրապարակում»,- պատմում է կինը։

Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Արցախում, իր խոսքով, որովհետեւ ուղղակի չէին կարող թողնել հայրենիքը, ապրել են ադրբեջանցիների խիստ վերահսկողության ներքո, եւ միայն այն ժամանակ, երբ կյանքն այնտեղ անտանելի է դարձել, բռնել են Հայաստանի ճամփան։ Ձերբակալվել են մարտի 29-ին, Հակարի կամրջի անցակետում։ Արբեջանցիներն ամուսիններին միշտ անհանգստացրել են ու ավելի են սկսել անհանգստացնել այն ժամանակ, երբ Մարգարիտայի նկարահանած կադրերը՝ Ստեփանակերտի դատարկված փողոցների, ԱԺ շենքի, Վետերանների տան, այլ շենքերի, տարածվել են համացանցով մեկ։ Կասկածել են, որ նյութեր է ուղարկում Հայաստան, ձեռքից վերցրել են հեռախոսը, արգելել նկարահանումներ անելը։ «Ես ընդամենը իմ հայրենիքն էի նկարում»,- հիշում է կինը։ Իսկ Հայաստանում այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Գալստյանին Ալիեւը նշանակել է պարետ, լուրեր, որոնք հետագայում հերքվել են ու դուրս են մնացել դատական գործից։ «Իրականում հիմա դատախազն այդ մասին չի էլ խոսում ու վերաքննիչում ընդհանրապես ժխտեց իր իսկ կասկածները, որոնք հիմնված էին միայն նրա ֆանտազիայի ու գուշակությունների վրա։ Մենք ապրում էինք Կրկժանում, եւ մեր տան դեմի ձորի նկարները համակարգչի մեջ, որոնք, իբր, ուղարկել ենք նրանց, դատախազի վարկածն էր։ Բոլորը նկարում են, բայց դա չի նշանակում, որ ուղարկում են նկարները թշնամուն»,- ասում է Մարգարիտան։

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Գալստյանին վերջին օրը նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որպեսզի Սարգիսին վերաբերվեն որպես Արցախի ներկայացուցչի։ «Հենց այդպես էլ վերաբերվում էին։ Նա ներկա էր լինում, երբ Կարմիր խաչը մարդկանց գտնում ու ուղարկում էր Հայաստան»,- վերհիշում է Մարգարիտա Շահնազարյանը։ Ասում են՝ Սարգիսի խոսքը Վերաքննիչ դատարանում հուզական է եղել։ Նա կարդացել է Արցախի մասին իր բանաստեղծությունը, ասել, որ 2026 թվականին Արցախում է լինելու։ «Մենք եղել ենք սովորական ինտելիգենտ ընտանիք` մեր համեստ նիստուկացով։ Եթե իմանաք` ինչքան ընտանիք սիրող մարդ է նա, նոր կպատկերացնեք, թե ինչպես է տանջվում բանտում առանց մեզ։ Եթե չլիներ ավելի մեծ կորուստը՝  Արցախի, նա այս բաժանմանը չէր դիմանա», — պատմում է Մարգարիտան։

Քաղաքական մեկնաբան Արտակ Հովսեփյանը` Սարգիսի համակուրսեցին, որը ներկա է եղել վերաքննիչի նիստին, հաջորդ օրը վրդովված գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում, թվարկելով վերաքննիչի դատավորների անունները՝ Լուսինե Հովհաննիսյան, Մարինե Մելքոնյան, Գրիգոր Հովհաննիսյան․ «Ձեզ եվրոպաներում է՞դ են սովորեցրել, կամ՝ դրա՞ համար են ընդունվել այսքան գլոբալ կոնվենցիաներ։ Մեկ այլ ապացուցված փաստ չի եղել ամբողջ դատավարության ժամանակ։ Երդվում եմ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ վտանգի առաջ է ողջ հասարակությունը։ Այսինքն՝ ինձ էլ, ձեզ էլ կարող են բանտարկել՝ սպառնալով մեր հարազատներին։ Ստալինյան դատավարություններին անցան միջնադարյան այս խեղկատակ ինկվիզիտորները»»։

 

Լրահոս