Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Լուսինե Մ․-ն և հայտնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ն «Ֆրիգոլաս Ռումինիա Էս Էռ Էլ» ընկերությունից ձեռք է բերել սառնարաններ, որոնցից 72 հատը՝ 42 հազար 776 եվրո արժողությամբ, մարտի 14-ին Ռումինիայում պահեստից բեռնվել է իրենց ՓԲԸ-ին ծառայություններ մատուցող, Վրաստանում գրանցված «Բենե գրուպ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված վարորդ 31-ամյա Միլոշ Դաբրովսկու կողմից վարած «DAF» մակնիշի բեռնատարը, սակայն վարորդը նույն օրը ժամը 15։00-ին սահմանը հատելու և մաքսային ձևակերպումներ կատարելու փոխարեն անհետացել է և չի պատասխանել հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, Լուսինե Մ․-ն հայտնել է նաև, որ մարտի 22-ին սարքերի տեղորոշման միջոցով պարզվել է, որ սառնարաններից 4 հատը գտնվում է Սլովակիայում, ինչը նշանակում է, որ Մ.Դաբրովսկին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված սառնարաններին։
Լուսինե Մ․-ն «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի տնօրենն է։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր ե ձևակերպվում։