Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։
Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Վահագն Քեշիշյանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, և հույսեր ունեն, որ օբյեկտիվ դատական նիստ տեղի կունենա․ «Ի սկզբանե ասել ենք, որ մեղադրանքը չի համապատասխանում գործով հետազոտված ապացույցներին, այսինքն՝ իրականությանը։ Անթույլատրելի, անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների հիման վրա է եղել դատական ակտը»։
Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող՝՛՛ТОЗ՛՛տեսակի հրացաններից,՛՛Марголин՛՛տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման,որսորդական-սպորտային 5․6մմ/5․6*15․5/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ և քննությամբ դեռևս չպարզված համապատասխան ակոսափող հրազեն,որը 2023թ․հունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։
Բացի այդ, Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ 2023թ․հունիսի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել, անվադողերի վաճառքով զբաղվող Ա․ Բաղդասարյանի հետ, ապա նույն օրը՝ժամը 20։22-ին,նշված հարցով իրեն զանգահարած Ա․Բաղդասարյանի եղբորորդու՝ Նարեկ Բ․-ի կողմից իրեն ՛«Տիկո» անվամբ դիմելու հարցի շուրջ վիճել է նրա հետ։
Այնուհետև՝ իր ավտոմեքենայով, 2 ընկերների հետ մեկնել է Բաղդասարյաններին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում,խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել Ն․Բաղդասարյանի և Ա․Բաղդասարյանի հետ,նրանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ,ապա այլ անձանց ներկայության պայմաններում, նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,ապօրինի կրած հրազենով առնվազն մեկ կրակոց է արձակել Ա․Բաղդասարյանի ուղղությամբ՝վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։