29 Ապրիլի, 2023

Ծանոթություն

Դոկտոր Ռահուլ Անիլ Սեթհի – Rahul Anil Sethi

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի Մահարաշրա նահանգի Նաքփուր քաղաքում։ Ընտանիքի միակ զավակն է։ Տիրապետում է հնդկերեն, հայերեն, անգլերեն, հնդկական մի շարք լեզուների, որոշ չափով՝ ռուսերենի։ Ամուսնացած է հայուհու հետ։ Ունի 1 որդի։ Մշտական բնակություն է հաստատել Հայաստանում։

Ազգությամբ հնդիկ Ռահուլը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանն իր հայրենիքը կհամարի։

«2008 թվականի հուլիսին, երբ հետաքրքրվում էի արտերկրում սովորելու տարբերակներով, իմացա, որ Հայաստան անունով երկիր կա։ Իմ երկրից դուրս արտասահման գնալու առաջին փորձս, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող, եղավ Հայաստանը»,- պատմում է դոկտոր Ռահուլը։

Մինչ այդ, Հնդկաստանում էլ ընդունվել էր բժշկական համալսարան։ Չնայած որ այնտեղ բժշկական կրթությունը շատ թանկ է՝ ընտանիքն ուներ հնարավորություն, որպեսզի Հնդկաստանում ուսումը շարունակեր։ Բայց, երբ իմացել են Երևանի բժշկական համալսարանի մասին ու համեմատել, հասկացել, են որ այստեղ այդ կրթությունն ավելի մատչելի է։ Հոր հետ քննարկել են, որ չարժե ավելորդ գումար ծախսել, և ծնողները դեմ չեն եղել, որպեսզի միակ զավակը հայրենիքից հեռու ուսում ստանա։

«Հայրս լավ հասկանում էր կրթության կարևորությունը կյանքում և ուզում էր, որ լավ մասնագետ դառնամ, դրա համար մեր ընտանիքում նման մտածելակերպ չկար»,- սահուն, մաքուր հայերենով իր պատմությունն է ներկայացնում դոկտոր Ռահուլը։

Ինչպես և ինչու սովորեց հայերեն

«Երբ 2008-ին գալիս էի Հայաստան՝ հայրս ասաց. դու հնարավորություն ես ստացել գնալ այլ երկիր ուսում ստանալու, ինչի հնարավորությունը շատերը չունեն և, քանի որ դու ես ընտրել այդ երկիրը, ոչ թե երկիրը քեզ, դու պարտավոր ես այդ երկրի լեզուն սովորել, մշակույթին ծանոթանալ, նիստուկացը հարգել ու պահես քեզ այնպես, ինչպես այդ ժողովուրդն է ապրում։

Ես հայերեն սովորեցի, քանի որ այն Հայաստանի պետական լեզուն է, հայերը խոսում են հայերեն և եթե ուզում ես ճանաչել, մոտիկից հասկանալ տվյալ ժողովրդին, առաջին քայլը՝ լեզուն իմանալն է։ Հայոց լեզուն ինձ օգնեց այս երկիրը, մշակույթը, մարդկանց լավ ճանաչել ու հասկանալ։

Ինչպե՞ս սովորեցի…Այնպես ստացվեց, որ մեր համալսարանի ուսխորհրդի աշխատանքներում ես էլ ներգրավվեցի, ուր ընկերներս հիմնականում հայեր էին. շփվելով, խոսելով, ինքնուրույն եմ սովորել հայերեն խոսել։ Ընկերներս հաճախ ուղղում էին սխալներս ու այդպես, ընթացքում սովորեցի սահուն խոսել»։

Ինչու հայ կին

«Երբ ուսանող էի և պարբերաբար հայ ընտանիքներ էի այցելում, ընկերներս տարբեր առիթներով հրավիրում էին իրենց տուն, զգացի, որ հայ կանայք շատ հոգատար են, շատ կազմակերպված են, հնդիկների նման ընտանիքին շատ նվիրված են, այդ ամենը ինձ շատ էր դուր գալիս։ Ես վերջնական չէի որոշել, բայց ցանկություն ունեի, որ եթե կյանքն ինձ հնարավորություն տա՝ հայուհու հետ կամուսնանամ։ 2015 թվականին իմ ցանկությունն իրականացավ, Աստված ձայնս լսեց ու մենք ամուսնացանք»։

Կնոջը դժվար է համոզել։ Ասում է՝ դժվար աշխատանք էր, քանի որ նա 2 ավագ եղբայրների միակ քույրն էր, շատ ավանդապաշտ ընտանիքից էր, որտեղ չէր ընդունվում, որ աղջիկն այլազգի փեսացու կարող է ընտրել։

«Շատ դժվար ճանապարհ ենք անցել։ Մոտ 6-7 ամիս տևեց մինչև համոզեցի, որ ես սիրում եմ իրեն, կարող եմ իրեն ապահով կյանք երաշխավորել։ Դրանից հետո ինքը, որ շատ խիստ հետևում ու կարևորում էր հայկական մշակույթն ու ավանդույթները, պայման դրեց, որ եթե այդպես եմ որոշել, ուրեմն պետք է պարտադիր խնամախոս գա իմ ընտանիքը, եթե ցանկություն ունեն՝ նաև հարազատներս։ Ինքն ասաց՝ մենք շատ սիրով կընդունենք նրանց, բայց միայնակ չգաս, քանի որ այդ դեպքում ընտանիքիս մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ քո ընտանիքը դեմ է մեր միասնությանը։

Եվ… Հնդկաստանից եկան ընտանիքս ու հարազատներս, ու մենք հայկական ավանդույթներով խնամախոս գնացինք, հետո՝ հարսանիք արեցինք, այստեղ՝ հայկական, Հնդկաստանում՝ այնտեղի ավանդույթներին համաձայն»։

Հայ-հնդկական սիրո մի պատմություն. որտեղ և ինչպես ծանոթացան

Կինը՝ Աննա Ավագյանը, մասնագիտությամբ երաժիշտ է։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոսերվատորիան։ Ընտանիքի մեծերը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից են եղել։ Դեռ Խորհրդային տարիներից՝ տեղափոխվել և բնակվում են Թահիրովում։ Աննան ընտանիքի 3-րդ զավակն է՝ ավագ եղբայրների կրտսերը։

«Ամեն տարի Հնդկաստանում փառատոն է կազմակերպվում, ուր տարբեր երկրներից իրենց մշակույթն են ներկայացնում։ 2015 թվականի փետրվարին Հայաստանից մեծ խումբ եկավ այդ փառատոնին մասնակցելու, հայկական մշակույթը ներկայացնելու։ Ու քանի որ ես հայերենին տիրապետում էի՝ որպես թարգմանիչ ինձ հրավիրեցին օգնելու այդ միջոցառմանը։ Այդտեղ հանդիպեցինք ու ես սիրահարվեցի։ Մնացած պատմությունն արդեն գիտեք»,- շարունակում է իր պատմությունը դոկտոր Ռահուլը։

Որդին՝ երկու ժողովուրդների ավանդույթների կրող

Որդուն հոր պատվին կոչել են Անիլ։ Ծնվել է 2022 թվականի ապրիլի 5-ին։ Հիմա արդեն 1 տարեկան է։

«Մինչև որդուս ծնվելը կնոջս հետ խոսել ենք, թե իր ճակատագիրն ինչպես է լինելու։ Ու եկանք այն եզրահանգման, որ քանի դեռ ինքը փոքր է՝ ես իրեն տալիս եմ իմ լեզուն, իմ մշակույթը, իսկ մայրը հայերեն է խոսում հետը, հայկական ավանդույթներով է իրեն մեծացնում։ Իսկ երբ մեծանա, հասուն դառնա, ինքը թող որոշի ու ընտրի իր կյանքի ճանապարհը։ Իր հետ հայերեն ու հնդկերեն ենք խոսում, անգլերեն ենք սովորեցնում… ժամանակը ցույց կտա ինչն՝ ինչպես կլինի»։

Որոշումը՝ Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ

«2015 թվականին, երբ ամուսնացա հայուհու հետ՝ գնացինք Հնդկաստան։ Այնտեղ շուրջ 2 տարի ես աշխատել եմ հիվանդանոցում. 450 պալատանոց մեծ հիվանդանոց էր Ֆարիդաբադ քաղաքում։ Բայց, այդ ընթացքում կինս անընդհատ առողջական խնդիրներ էր ունենում, ու մասնագետներն առաջարկեցին, որ գոնե ժամանակավոր  իրեն Հայաստան տանենք։ Հայրս ասաց՝ մենք մեր հարսին մենակ չենք թողնի, նրա համար պատասխանատվություն մենք ենք կրում, ուրեմն՝ դու էլ պետք է հետը գնաս, այնտեղ մի քիչ ապրեք, մինչև առողջությունը կարգավորվի։

Պայմաններն, ամեն ինչ շատ լավ էր, երևի թե կլիմային չէր հարմարվում կամ էլ հայրենիքին ու ընտանիքին էր կարոտում։ Շատ բան էր փոխվել նրա համար, ծնողներս ու ես շատ լավ հասկանում էինք այդ ամենը, նա իր հայրենիքն ու ընտանիքը, լեզուն ու մշակույթը, ամեն ինչ թողել, եկել էր։

2017 թվականի սեպտեմբերին վերադարձանք։ Այն ժամանակ չէի պատկերացնում, որ հիմնական կմնանք Հայաստանում։ Բայց Աստված մեր համար երևի ուրիշ պլաններ ուներ։ 2015-ին այստեղ արդեն տուն էինք գնել ու ապրելու դժվարություններ չենք ունեցել։ Աշխատանքի անցանք ու սկսեցինք մեր կյանքը շարունակել Հայաստանում։ Աստծո կամոք նաև հրաշք որդի ունեցանք և որոշեցինք մշտական բնակվել Հայաստանում։ 

Հայաստանն ու ինքը

«Հայաստանն իմ համար իմ հայրենիքն է, որտեղ աշխատում, ապրում եմ, ամեն ինչից օգտվում եմ ու պարտավոր եմ ես էլ իմ լուման ու ներդրումն ունենալ այս երկրի զարգացմանը։ Սա կարելի է ասել այն նույն հարցն է, երբ ասում են՝ մորդ ես ավելի շատ սիրում, թե հորդ։

Իմ համար մայրը՝ Հնդկաստանն է, որտեղ ծնվել, հասակ եմ առել, հայրը՝ Հայաստանը, որտեղ կրթություն եմ ստացել, կյանքիս կեսին ունեմ, աշխատում ու ապրում եմ»։

Դոկտոր Ռահուլի հետ զրուցում ենք նաև Հայաստանի քաղաքական անցուդարձի, 44- օրյա պատերազմի ու դրա հետևանքների մասին։ Պատերազմի օրերին էլ Հայաստանում է եղել։ Ասում է՝ փորձել եմ իմ ուժերի սահմաններում ճիշտ ներկայացնել Հայաստանն իմ միջազգային ընկերներին։

«Չեմ ուզում բարձրաձայնել, բայց արել եմ այն ամենը, ինչ ամեն հայ կաներ իր երկրի համար. մի ասացվածք կա՝ եթե լավություն ես անում աջ ձեռքով՝ մյուս ձեռքը թող չիմանա։ Այդ սկզբունքով, իմ ուժերի չափով արել եմ այն, ինչ պետք է եղել»,- ասում է մեր հայրենակից դոկտոր Ռահուլ Անիլ Սեթհին։

Հավատքը

«Ես հավատքներին չեմ հավատում, Աստծուն եմ հավատում։ Ես հինդու եմ ծնվել, բայց հավասարապես հարգում եմ բոլոր կրոնները։ Ես մեծ ցանկությունով եկեղեցի էլ եմ մտնում, նույն կերպ նաև մեր տաճար՝ տարբերություն չեմ տեսնում։ Ես հայ-հնդկական ընտանիք եմ կազմել, որտեղ կինս քրիստոնյա է, և ես պարտավոր եմ իրեն հարգել։ Ես համարում եմ, որ Աստված մեկն է, ուղղակի տարբեր անուններով ենք մենք նրան կանչում»,- կրոնի ու Աստծո մասին իր տեսակետն այսպես է ներկայացնում դոկտոր Ռահուլը։

Աշխատանքը, ընկերները, հետաքրքրությունները, հայկական ավանդույթներն ու հայոց պատմությունը

Աշխատում է բժշկական համալսարանում որպես օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար, զուգահեռաբար դասավանդում  է։ Որպես պրակտիկ բժիշկ աշխատում է նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ներքին հիվանդությունների բաժնում։ Հնդկաստանի դեսպանությունում էլ՝ խորհրդատու բժիշկ է։

Ամենամտերիմ ընկերներից է Խաչատուր Մարգարյանը, ում հետ ընկերացել է դեռևս այն ժամանակ, երբ 2-րդ կուրսի ուսանող էին.

«Առ այսօր շատ մտերիմ ընկերություն կա մեր միջև։ Ինքն էլ է աշխատում Բժշկականում, կարիերայի կենտրոնի ղեկավարն է և օտարերկրացի ուսանողների հետ տարվող գործերի փոխդեկանը»։

Հայկական ավանդույթների, հայ ժողովրդի պատմության նկատմամբ դոկտոր Ռահուլը յուրօրինակ մոտեցումներ ունի, ուսումնասիրում է հայոց պատմությունը, գիտի ու ծանոթ է մեր պատմության շատ դրվագների․

«Երբ եկա Հայաստան՝ մեր ծրագրում ներառված էր, որ պարտադիր պետք է հայոց պատմություն սովորեինք։ Հայկական պատմության հետ առնչվել եմ մեր դասերի ժամանակ, երբ մեր դասախոս տիկին Արմենուհին սկսեց պատմել՝ ես հասկացա, թե ինչ բարդ պատմություն ունի հայ ժողովուրդը։ Իմ մեջ շատ էր տպավորվել այդ ամենը ու սկսեցի հետաքրքրվել հայոց պատմությամբ։ Հատկապես ցեղասպանության պահն իմ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել, որովհետև 1947 թվին, երբ Հնդկաստանն ու Պակիստանը բաժանվեցին, պակիստանից Հնդկաստան տեղափողվող հնդիկներին նույնպես փորձել են բնաջնջել։ Ու այդ ամենը, ինչ լսել էի մեր մեծերից, այստեղ նորից վերապրեցի»։

Բացի հայոց պատմության նկատմամբ ունեցած հետաքրքրությունը՝ սիրում է երաժշտություն լսել, համեղ ուտելիքներ պատրաստել, գիտելիքներն ավելացնել տարբեր երկրների քաղաքականության վերաբերյալ, բանաստեղծություններ գրել, 4 լեզուներով, բնականաբար՝ նաև հայերենով։

Զրուցեց ու գրի առավ՝ Գոհար Փիլթոյանը

Լուսանկարները՝ դոկտոր Ռահուլի և Աննայի ընտանեկան ալբոմից

kotayk

Լրահոս