«Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերևս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:
Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա:
Այս մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի և իշխող ՀՀԿ-ի շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին և ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Արգամ Աբրահամյանից զատ այս մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու:
ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:
Հովիկ Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների և Ծառուկյանի լծակները բավական մեծ են:
Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում և այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչև ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:
Իշխանությունն այս մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին և Մուրադ Մուրադյանին, որոնք տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում