11 Դեկտեմբերի, 2023

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր հարցեր․ ամենամտահոգող հարցերը բանակի ու անվտանգության մասին էին: 168․am-ի փոխանցմամբ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հանդիպմանն ընդգծել է մեր բանակը, ՀՀ ԶՈւ- Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն գործոնն է եղել, բայց ոչ միակը:

«Այդ որոշիչ բաղադրիչի մեջ եղել է արտաքին քաղաքականությունը: Արտաքին քաղաքականության մեջ եղել են ՌԴ հետ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հարաբերությունները: Այդ բաղադրիչի մեջ եղել է ՀՀ ժողովրդի համերաշխությունը, համախմբվածությունը, միասնականությունը: Դրա մեջ եղել է հայկական սփյուռքը, դրա մեջ եղել է Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունը նաև Արևմուտքի հետ, հարևանների հետ լավ հարաբերությունները: Երկու նախագահների և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի օրոք հատկապես, մեր ԶՈւ-ն իրոք շատ մեծ դեր ուներ տարածաշրջանում: Մեզ դա ասել են մեջ միջազգային գործընկերները: Ու շատ կարևոր էր, որ Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող էր, այլ ստեղծող: Պատերազմում է պետությունը, ոչ թե բանակը: Բանակը կռվում է: Մենք, չգիտես ինչու, մտածում էինք, որ այս իշխանությունները ևս դա կհասկանային ու բանակը չէին թողնի մենակ, առանց համալրվելու ու աջակցության»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:

«ՀՀ ԶՈւ 3/4-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին: Այսինքն, մեր բանակի 75 տոկոսը չի մասնակցել: Ոչ թե չի մասնակցել, որովհետև չի ուզել, այլ որովհետև խնդիր չի դրվել: Մի կորպուս է մասնակցել ու Արցախի ՊԲ-ն, ընդ որում առանց համալրվելու: Կռվել-մաշվել է… Պակիստանի սպեցնազի դեմ, Սիրիայից եկած ջիհադիստ վարձկանների դեմ, Թուրքիայի F-16-երի աջակցության և հրահանգիչների դեմ, ադրբեջանական 4 հզոր կորպուսների դեմ: Դա իրենց մասշտաբով եմ ասում: Իրականում, մեր ԶՈւ-երը Ադրբեջանին դիմակայելու խնդիր երբեք չեն ունեցել, եթե իմ ասած տարբերակով պետությունը պատերազմեր: Ոչ թե մենակ բանակը կռվեր: Իսկ Ադրբեջանը ռիսկ արեց գնալ Հայաստանի դեմ պատերազմի միայն ՀՀ իշխանությունների կողմից վարած ոչ արդյունավետ գործողություններից, բանակցությունները զրոյական կետից սկսելու հայտարարություններից ու արդեն խարխլված արտաքին հարաբերությունների պայմաններում: Իսկ Նիկոլը «խնդիրը մինչև վերջ լուծեց» Պրահայում հայտարարելով, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»,- ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Մինչև գործող իշխանությունների գալը,  Հայաստանը միշտ է հայտարարել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Իսկ մեր երկրի դիվանագիտության ջանքերի շնորհիվ նաև, Ադրբեջանն անցած տարիներին չի կարողացել որևէ երկրից ստանալ Հայաստանին օկուպանտ, ագրեսոր  ճանաչելու մասին որևէ բանաձև, հիշեցրել է նախկին փոխնախարարը:

«Նիկոլի պարագայում եկավ-հասավ նրան, որ նաև Հայաստանի անվտանգությունն ապահովող պետության 9-10 ամիս պաշարման մեջ, և սոված ու հյուծված ԶՈւ-ն կոչվեց «տեռորիստական կազմակերպություն»: Ու այս պարագայում Ադրբեջանը «հակատեռորիստական» ծրագիր է իրականացնում, ու այդպես մարսվում-գնում է:

Եթե ՄԱԿ-ի քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեր ԱԳՆ-ին ասում է այդ ի՞նչ ես ասում, տես, Նիկոլը լրիվ այլ բան է ասում… էլ ո՞վ կարող է օգնել այդ երկրին, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ մեկ այլ երկիր: Պրծա՞վ, լուծվե՞ց հարցը: Չլուծվեց…  Հայաստանն այսօր օկուպացված է: 36 սահմանամերձ համայնքը դարձել է 104 համայնք, օկուպացված տարածքներ ՀՀ սուվերեն տարածքից, ու ԶՈՒ, որի գլխին կանգնած են արկածախնդիր ու դավադիր քաղաքական իշխանություններ»,- ցավով արձանագրել է  Արտակ Զաքարյանը:

Այնդուհանդերձ, այսօրվա ԶՈւ-ն ունակ է ընդամենը 5 տարում վերականգնել իր երբեմնի ուժն ու դիրքերը»,- համոզված է պաշտպանության նախկին փոխնախարարը:

Լրահոս