Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հեղինակի տեղեկացմամբ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է` ուղղված քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական իրացմանը` պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով: Փաթեթը միտված է նաև սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը:
Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն եւ ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի և հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրսբերմանը:
Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ Կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ և առարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Դրական էր նաեւ Կառավարության կարծիքը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում նշել է, որ ոլորտում իրականացվող քայլերը նպատակ ունեն կարգավորել դաշտը: Ըստ ԱԺ փոխնախագահի` փաթեթի ընդունմամբ համապարփակ լուծում կտրվի առկա բոլոր մարտահրավերներին: Հակոբ Արշակյանը մասնավոր ներդրողներին կոչ է արել Հայաստանում հիմնել քաղաքացիական հրաձգարաններ, որոնք կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան` պրոֆեսիոնալ մակարդակի: «Ներդրումների համար մեծ դաշտ է բացվում»,- կարծում է ԱԺ նախագահի տեղակալը: