28 Փետրվարի, 2025
Իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է.

«Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու ակնհայտ հակասահամանադրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ։

Ներկայիս կարգավորման համաձայն` վերադասությամբ կամ դատարանում տուգանքների վիճարկումը կասեցնում է դրանց կատարումը, մինչդեռ արդարադատության նախարարությունն e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն տուգանքը, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման, այսինքն՝ փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և, առհասարակ, արդարադատություն ակնկալելու իմաստը։

Այսինքն՝ անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։

Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կա՛մ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:

Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։

Այս խայտառակությունը պետք է անհապաղ ետ կանչվի, իսկ նման գաղափար ծնածները ու հաստատածները այլ անելիք չունեն, քան հրաժարական ներկայացնելը»։

Լրահոս