Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես և մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։
Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված ծանր կացությունից։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Կանադայի իշխանությունների կողմից հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին նկատելով, որ Կանադայի հայ համայնքը կարևոր կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման համար:
Նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները, խոսելով Հայաստանում իր առաքելության և հայ-կանադական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարների մասին, պատրաստակամություն է հայտնել ամեն ջանք ներդնելու ի նպաստ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, բռնի տեղահանված արցախահայության զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատման։