11 Հունվարի, 2017

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մահացածը երիտասարդ տղա է, ով գետնին է և սպասում են դատաբժշկի ժամանմանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։ Ըստ տեղեկությունների 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը։ *** Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ մահացածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր։ Վիրավորի ինքնությունը ճշտվում է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր է ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով սպանվածը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ուներ գերազանց առաջադիմություն, հարգանք էր վայելում ոչ միայն ուսանողների շրջապատում ու ընտանիքում, այլ նաև ընկերների մոտ։ Համարվում էր խաթրաշահ և երբևէ բացասական բնութագրում չի ունեցել։ Հավաքվածներն էլ ցավում էին կատարվածի համար ու հայտնում, որ ինչու պետք է Վահեի նման խելոք, մարդամոտ, մեծերի նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերող տղան ինչ-որ մի ճիվաղի ձեռքով սպանվեր։

shamshyan.com

 

Լրահոս