8 Դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, իսկ 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող ջերմոցային տնտեսության աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս