5 Ապրիլի, 2024

Ապրիլի 2-ից 4-ը ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում էր։

Աշխատանքային այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։

Աշխատանքային խմբում ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ, ովքեր ըստ ուղղությունների իրականացնելու էին ուսումնասիրություններ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մեկնարկը տրվեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունով, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար փ/ծ գնդապետ Կարապետյանը ներկայացրեց, որ աշխատանքային այցի նպատակը տեսագործնական գիտելիքների ու հմտությունների բարելավումն է, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական-մասնագիտական խորհրդատվության ցուցաբերումը։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացրեց աշխատանքային օրակարգը, 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների արդյունքները և վարչության գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, վեր հանվեցին առկա խնդիրները և նախանշվեցին աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցության ավարտին հաջորդեցին այցերը մարզային ենթակայության ստորաբաժանումներ։

Այցի շրջանակներում Տնօրենի տեղակալը եղավ մարզային փրկարարական վարչության Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների և հատուկ ջրափրկարարական ջոկատի տարածքում, զրուցեց անձնակազմի հետ, հետևեց ծառայության կրման պայմաններին։

Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։

Ջոկատներում հայտարարվեց տագնապ և անձնակազմի հավաք: Ստուգվեցին ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։

Այնուհետև, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատում, անակնկալ կերպով անցկացվեց «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում» թեմայով հատուկ-տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակն էր իրատեսական պայմաններում ստուգել հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական հնարավորությունները, ինչպես նաև մարտական պատրաստվածությունը։

Տրվեց պայմանական «Տագնապ» ազդանշան և դեպքի վայր մեկնեցին 2 մարտական հաշվարկ, որոնք տեղում իրականացրեցին տարածքի հետախուզում, կազմակերպեցին փրփրահեղուկի գրոհ այրվող վառելանյութի հատվածում, իսկ երկրորդ մարտական հաշվարկը կազմակերպեց հրդեհաշիջում՝ ջրով։

Վարժանքի ավարտին մասնագետները, վերլուծելով արդյունքները, տեղում վեր հանեցին թերացումները և մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերեցին անձնակազմին։

Այցի ավարտին աշխատանքային խմբի ղեկավարը հորդորեց հետևել մասնագետների ցուցումներին, տվեց հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։

kotayk

Լրահոս