3 Մարտի, 2025

«Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել․

«Հայկական ֆուտբոլում հերթական սկանդալն է. «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալվել են 9 երկրպագուներ, ովքեր պահանջում են ՀՖՖ նախագահ և փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հրաժարականները: Ոստիկանությունը գործել է կոպիտ, չնայած նրան, որ երկրպագուների շրջանում կան նաև դեռահասներ: Փաստացի անազատության մեջ պահվող տղաներին սպառնում են քրեական հետապնդումներով: Համոզմունք ունեմ, որ այս ամենը տեղի է ունենում ՀՖՖ գործող ղեկավարության ցուցումով կամ ուղղորդմամբ․ այս ամենը վերջիններիս կողմից ուժային կառույցներին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունք է:

Համերաշխությունս եմ հայտնում ֆան շարժումների անդամներին և համարում, որ նրանց պահանջներն արդարացի են ու հիմնավոր: Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի վաղվա օրվա հանդեպ անտարբեր չգտնվողներին բոյկոտել Հայաստանի առաջնության խաղերը, մինչև ձերբակալվածներն ազատ կարձակվեն և կդադարի քրեական հետապնդումը: Իրավիճակը հայկական ֆուտբոլում հասել է հանգուցալուծման, այսպես շարունակվել այլևս չի կարող: ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հասցրել է հայկական ֆուտբոլը աղետալի վիճակի, դուրս են մղում խոշոր ներդրողների, և ընդհուպ գործը հասել է երկրպագումների հանդեպ անտրամաբանական արարքների: Եթե այս մարդկանց չկանգնեցնել, ապա շուտով Հայաստանում չի լինի ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ոչ էլ  երկրպագուներ:

Հարգելի ֆաներ, շնորհակալություն, որ պայքարում եք, ես ձեզ հետ եմ, ձեր պահանջն արդար է, հրաժարականն անխուսափելի է»:

Լրահոս