Գայանե Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր նորածին դստերը կյանքից զրկելու համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ծննդկանը գտնվել է հոգեճնշող իրավիճակում, քանի որ վերջինիս ամուսինը մասնակցում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին։ Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի տներից մեկում ապօրինաբար Նարե Օ․-ին դիտավորությամբ զրկել է կյանքից:
Միայն 2024 թվականի օգոստոսի 30-ին է մորը մեղադրանք ներկայացվել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Գործը մակագրվել է Միքայել Գրիգորյանին։
Գործի նյութերի համաձայն՝ ամուսնու՝ պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված Գայանե Հ․-ի մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում, որն էլ իր հերթին նպաստել է նրա մոտ գրգռված վարքագծի դրսևորմանն ու հանգեցրել է նորածին երեխայի՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված, 9 օրական, կենդանածնության փաստի արձանագրման պահից մինչև 1 ամսական չհանդիսացող Նարե Օ․-ի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող գլխին առնվազն 16 անգամ, իսկ մարմնի այլ հատվածներին առնվազն 9 անգամ ներգործելով և նրան մահացու վնասվածքներ հասցնելով:
«․․․Գայանե Հ․-ն երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ նրան դիտավորությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող գլխի շրջանի քերծվածքների, գլխի մաշկի տակ, աջ քունքամկանում՝ արյունազեղումների, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթներում՝ տարածուն արյունազեղումների, գլխուղեղի հիմային մակերեսի, ուղեղաբնի ընդգրկմամբ՝ ենթակարծրենային, ենթաոստայնային արյունազեղումների, արյունահավաքների, մանր և խոշոր օջախային ներուղեղային, հարուղեղաբնային ու ներուղեղաբնային արյունազեղումների, գլխուղեղի խիստ արտահայտված այտուցի ձևով փակ, բութ գանգուղեղային վնասվածքներ, որոնք իրենց հերթին առաջացրել են նորածնի գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում: Այդ կերպ Գայանե Հ․-ն, գտնվելով հոգեճնշող վիճակում, 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ նորածին՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված Նարե Օ․-ին զրկել է կյանքից»,-նշվում է գործ նյութերում:
Քրեական գործը դատարան է հասել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Գայանե Հ․-ն միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ։ Մեղադրյալը միջնորդել է նաև դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով՝ հայտարարելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է մեղադրանքի հետ, պնդում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները:
Գայանե Հ․-ն ևս մեկ անչափահաս զավակ ունի, 2018 թվականի ծնված որդին։ Նրա և սկեսուրի հետ է բնակվել Արարատի մարզի իրենց տանը։ Ամուսինը 2020 թվականի նոյեմբերի 8-ին պատերազմական գործողությունների ժամանակ ստացել է վիրավորում։
Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Մեղադրողը սակայն Վերաքննիչ բողոք է ներկայացրել, Վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Գայանե Հ․-ի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 3 տարի ժամկետով։
Վերաքննիչ դատարանում դեռևս նիստեր չեն նշանակվել։ Գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: