4 Հունիսի, 2024

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցն են կատարել մի շարք հուշարձաններ:

Մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք: Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի ավարտված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի շրջայցին:

Արված աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել. տրվել է ողջամիտ ժամկետ առկա թերությունները շտկելու համար:

Ծրագրով կառուցվել են Մարմաշենի վանական համալիր տանող 2,4 կմ ճանապարհը և հարակից ճեմուղիները, անցկացվել է ջրահեռացման և լուսավորության ցանց, կառուցվել են ավտոկայանատեղի, վաճառահրապարակ, սանհանգույց, բարեկարգվել են աղբյուրի հարակից տարածքը, վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճաններն ու դիտահարթակը, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներ:

Մարմաշեն վանական համալիրի տարածքից և պահպանական գոտուց ապամոնտաժվել և հեռացվել են մի քանի մետաղյա տաղավարներ, որոնք խաթարում էին հուշարձանի պատմական միջավայրը:

Այցի շրջանակում տեղում քննարկվել և հստակեցվել են Պեմզաշեն գյուղի Պեմզաշեն եկեղեցական, Սբ. Առաքելոց վանական համալիրների, Աբլղարիդ Պահլավունու խաչքարի ուսումնասիրման, պեղման, նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Աշխատանքները նախատեսված են միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ 2025 թվականին:

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են նաև Մակարավանք, Սբ Աստվածածին (Անապատ) եկեղեցի, միջնադարյան քարայր-կացարան և այլ հուշարձաններ:

kotayk

Լրահոս