10 Դեկտեմբերի, 2023
Երևանի դպրոցներից մեկում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը շարունակվում է մինչ օրս։ Արդեն դպրոցի տարածքից դուրս։ Sputnik Արմենիան դեպքի հետ կապված որոշ մանրամասներ է պարզել

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի, այնուհետև նրանց ծնողների միջև։ Հարուցվել է քրեական գործ։ Sputnik Արմենիային հասած տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը եղել է այն, որ տղաներից մեկը դպրոցում փորձել է մարիխուանա տեսակի թմրանյութ իրացնել, ինչի մասին իմացել են նրա համադասարանցիներն ու հորդորել, որ նման գործերի չխառնվի։ Այժմ «տղայական ռազբորկաները» շարունակվում են դպրոցից դուրս, բայց ոչ միայն 14–15 տարեկան տղաների, այլ նրաց մեծ եղբայրների մասնակցությամբ։ Զերծ մնալով որակումներ հնչեցնելուց ու անուններ տալուց, Sputnik Արմենիան պաշտոնական տեղեկություններ ստանալու համար դիմել է պատկան մարմիններին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ հաղորդման` դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ըստ տեղեկության` երեխան վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։ Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով»,– հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։ Դեպի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ 195–րդ հոդվածի 2 մասի 5–րդ կետով և 194–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Երկու վարույթները միացվել են իրար , համատեղ քննություն է իրականացվում ։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հարցին, թե որն է եղել վեճի պատճառը, Աբրահամյանը չպատասխանեց` նշելով, որ դա քննության առարկա է, որը կպարզվի։
Քանի որ դպրոցը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, փորձեցինք պարզել, թե դեպքի հետ կապված ինչ տեղեկություններ ունեն այնտեղ, արդյոք կարգապահական բնույթի քայլեր ձեռնարկվել են դպրոցի ղեկավարության նկատմամբ, և ինչ է արվում դպրոցներում թմրանյութերի վաճառքն արգելելու համար։

Քաղաքապետարանի կրթության վարչությունից հայտնեցին, որ նոյեմբերի 21-ի առավոտյան, մինչ դասերի մեկնարկը, 9-րդ և 8-րդ դասարանցիների միջև դպրոցի տարածքից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում երկու աշակերտ ծեծի է ենթարկել մեկ այլ աշակերտի։ Արդեն դպրոցում տուժող երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա երեխայի ծնողը, դպրոցի տնօրենի առաջարկով, երեխային տեղափոխել է հիվանդանոց:

Նշենք, որ քաղաքապետարանը չի մեկնաբանում դպրոցում երեխաների ծնողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ընթացքում, ըստ Sputnik Արմենիային հասած տեղեկությունների, տուժել են նաև ուսուցիչներից մեկը և դպրոցի պահակը։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ներկայում նշված երեք աշակերտն էլ դպրոց են հաճախում:

«Տնօրենի կողմից ձեռնարկված գործողությունները ստեղծված իրավիճակում օրինաչափ են եղել, հետևաբար՝ կարգապահական բնույթի քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն չեն ենթադրում»,–հայտնում են քաղաքապետարանից` միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համագործակցությամբ իրականացնում են թեմատիկ զրույցներ սոցիալական ցանցերի, թմրանյութերի, ծխախոտի և ալկոհոլի վտանգների վերաբերյալ։

 

 

kotayk

Լրահոս