SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասել են, որ անհնար է այս 25 օրերի ընթացքում այդքան մեծ գումարներ հայթայթել ու մաքսազերծել ավտոմեքենաները, բացի այդ մաքսազերծման գները շատ թանկ են ու մեծ մասի համար անհասանելի։
Ըստ նրանց անգամ իրենց մեքենաները տեղի գրավատներում գրավ չեն վերցնում, որպեսզի կարողանան այդ գումարով մաքսազերծում անեն։ Նրանք պահանջում ու խնդրում էին պատկան կառույցներից մի մի քանի կարևոր կետերի վրա ուշադրություն դարձնել։
Նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ երկարացնեն ժամանակահատվածը գոնե 6 ամիս ժամկետով։
Խաղաղ ակցիայի մասնակիցների մի կարևոր նպատակն էլ այն էր, որ իրենց միանան վրացական համարանիշներով ավտոմեքենաների մյուս բոլոր վարորդները, որպեսզի իրենց ձայնն ավելի լսելի դառնա։
Վարորդներից մեկն ասաց, որ ուսումնասիրել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը և նկատել, որ վրացական համարանիշներով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները չնչին տոկոս են կազմում բոլոր ՃՏՊ-ների մեջ, որից կարելի է ենթադրել, որ այդ ավտոմեքենաները տեխնիկապես ավելի թարմ ու լավ վիճակում են գտնվում, որը արդեն իսկ առիթ է նրանք ավելի լավ պայմաններով մաքսազերծելու համար։