17 Մարտի, 2025

Այսօր՝ մարտի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Վահե Շուշանյանի և Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից և հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Լրահոս