Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը նախատեսվածից ավելի վաղ կմեկնարկեն։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ հավելելով, որ երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս ավելի շուտ։
«Երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, 2026 թվականի հունվարի փոխարեն, իսկ երրորդ փուլը՝ գալիք տարվա հուլիսի 1-ից, 2027 թվականի հունվարի փոխարեն»,-մանրամասնեց Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ առաջին փուլի դիմումատուների շրջանում ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ նրանք դեռևս մեծամասամբ չեն ցանկանում օգտվել ծրագրից, մինչդեռ՝ երկրորդ փուլի պահանջները բավարարող շահառուներից շատերն են ցանկություն հայտնել։
«Ըստ էության, ստացվում է, որ հնարավորությունը տրված է մարդկանց, որոնք չեն ցանկանում օգտվել և հնարավորություն չունեն այն անձինք, որոնք ցանկանում են։ Իհարկե, սա խնդիր էր, որը պետք է շատ արագ կարգավորվեր։ Հաշվի առնելով և գնահատելով մեր հնարավորությունները, այդ թվում՝ բանկերի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ֆինանսական հաշվարկներն ու գնահատականները՝ մենք հասկացանք, որ կկարողանանք մեզ թույլ տալ երկրորդ փուլը մեկնարկել ավելի վաղ»,-պարզաբանեց խորհրդականը։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի
առաջին փուլում ընդգրկված են 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք, զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ ընտանիքի համար օրենսդրությամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված) անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող երեխաները (ճանաչված է հաշմանդամություն ունեցող երեխա), գործող հիփոթեք ունեցող ընտանիքները (որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը)։
Առաջին փուլից կարող են օգտվել նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով։
Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, իսկ երրորդում՝ ցանկացած կազմով ընտանիքները, որոնք ընդգրկված չեն նախորդ փուլերում։