ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Հակոբ Ենոքյանից։
Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը 2022թ ձերբակալվել, ապա կալանավորվել էր, իսկ ամիսներ անց՝ գրավի դիմաց ազատ արձակվել, այսպես կոչված, դեռևս ԱԱԾ-ում քննվող «հրանոթի արկերի» գործով։ Ըստ 2022թ․ հունիսի 17-ի ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն իբրև 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում՝ 2023թ․ սեպտեմբերի 28-ին դատախազը բավարարել է քննիչի միջնորդությունը և դադարեցրել Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մեղսագրվող արարքն իր կողմից չկատարելու հիմքով։ Հատկանշական է, որ թեև Արմեն Հարությունյանն ավելի քան երկու ամիս կալանքի տակ է եղել, ավելին, պաշտոնապես հանրայնացվել էր նրա ձերբակալման մասին տեղեկությունը, իսկ ԱԱԾ հաղորդագրությամբ նույնիսկ, կարելի է ասել, խախտվել էր նրա անմեղության կանխավարկածը, գեներալը բարոյական փոխհատուցման հարց չի բարձրացրել։
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Արմեն Հարությունյանը 2021թ․ փետրվարի 25-ին ԳՇ հայտնի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած զինվորականներից մեկն է եղել։