ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո իրավական ընթացակարգերի վերաբերյալ հայտարարություններին ու նշել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական բանավեճի մեջ մտնել, և նրանք, ովքեր այս բանավեճը փորձել են բացել, պետք է հիշեն, որ երբ ես բան եմ ասում, այն էլ հրապարակային, իմ ասածներին մշտապես առվազն մեկ-երկու հիմնավոր ապացույց/փաստարկ ունեմ: Եվ այսպես, կա՞ արդյոք իրավական առումով տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև: Բնական է՝ ոչ, ինչի մասին ասում է՝ Vienna Convention on the Law of Treaties-ը:
Ի՞նչ են պայմանագրերն ու միջազգային համաձայնագրերը. Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան սահմանում է պայմանագիրը՝ որպես «միջազգային համաձայնագիր, որը կնքվել է պետությունների միջև գրավոր ձևով և կարգավորվում է միջազգային իրավունքով՝ անկախ նրանից, թե այն ձևակերպված է մեկ փաստաթղթով, թե փոխկապակցված մի քանի փաստաթղթերով և անկախ նրա հատուկ նշանակությունից»։
Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներ, միջազգային համաձայնագրեր, դաշնագրեր, եզրափակիչ ակտեր, խարտիաներ, փոխըմբռնման հուշագրեր (MOU-ներ), արձանագրություններ, պակտեր, համաձայնություններ և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններ (սահմանադրություններ)։ Սովորաբար այս տարբեր անվանումներն իրավական նշանակություն չունեն միջազգային իրավունքի տեսանկյունից, այսինքն փաստաթղթի՝ պայմանագրի կարգավիճակ ունենալու հարցում անվանումը էական չէ։
Պայմանագրերը կարող են լինել երկկողմ (երկու կողմերի միջև) կամ բազմակողմ (մի քանի կողմերի միջև), և սովորաբար դրանք պարտավորեցնող են միայն այն կողմերի համար, որոնք ստորագրել են պայմանագիրը։ Համաձայնագիրն «ուժի մեջ է մտնում» այն ժամանակ, երբ կատարվում են այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պայմանները, որոնք նշված են պայմանագրում։ Երկկողմ պայմանագրերը սովորաբար ուժի մեջ են մտնում այն օրը, երբ երկու կողմերն էլ համաձայնվում են դրանց կիրառման վերաբերյալ»։