22 Մարտի, 2025

«Փաստինֆո». 2020թ․ դեկտեմբեր ամսին հուշագրի հիման վրա հայկական զորքերի հետքաշման և փաստացի առանց հանրաքվեի՝ ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներ, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի հատվածը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնելու գործողությունները իրավապահ մարմինները շարունակում են պարտակել՝ այդպիսով վտանգելով երկրի սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, որից ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024 թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էինք տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ ։

2025թ. հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Փաստինֆո»-ն կրկին բարձրացրել էր նույն հարցը՝ Սուրեն Պապիկյանին խնդրելով մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից եւ որ թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։

Պապիկյանի արձագանքն առավել քան տարօրինակ էր. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթութը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատարում հրապարակված է, ու ես նոր բան այստեղ չունեմ ավելացնելու»։

Այն, որ Ս. Պապիկյանն ասուլիսի ընթացքում ստել էր, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու, քանզի այդ հուշագիրը պաշտոնապես երբեք չի հրապարակվել։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով Պապիկյանի հայտարարությունը, ասուլիսից հետո «Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե երբ ու որտեղ է այն հրապարակվել ու տրամադրել արդեն «հրապարակված» հուշագրի օրինակը։ Կառույցից ստացված գրավոր պատասխանում ՊՆ-ն ընդունել էր, որ Պապիկյանը սխալ տեղեկություն է փոխանցել։

«Փաստաթուղթը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա բովանդակությունը հրապարակվել է 2021թ․ փետրվարին, ինչպես նաև դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մի շարք լրատվամիջոցներում և հասարակական-քաղաքական գործիչների սոցցանցերի անձնական էջերում»,- նշվում էր ՊՆ-ի պաշտոնական պատասխանում։

ՀՀ ՊՆ-ի կողմից փաստացի հաստատում ստանալուց հետո, որ առանց որեւէ սահմանադրականության ստուգում անցնելու հուշագրի վրա հիմնվելով են ՀՀ զորքերը հետքաշվել, ինչը ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտում է՝ «Փաստինֆո»-ն ևս մեկ գրավոր հարցում է ուղարկել, այս անգամ՝ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քննության առարկա դարձվել է՝ առանց հանրաքվեի և հուշագրի՝ վավերացման գործընթացվի ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերոնշյալ դեպքը։ Դատախազությանը խնդրել էինք հայտնել, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է և ինչ հատկանիշներով, արդյո՞ք վարույթի շրջանակներում հարցաքննվել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ինչ կարգավիճակով, քրեական գործով արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող անձինք կան, թե ոչ։ Դատախազությունից հարցմանը պատասխանելու համար մեկ ամիս ժամանակ են պահանջել, ու այդ ընթացքում ուսումնասիրել ու պարզել, որ ոչ մի քրեական վարույթ առկա չէ։

«Ձեր կողմից նշվածի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վարույթի առկայության մասին տեղեկատվություն առկա չէ»,- հայտնել են դատախազությունից։

Սա վկայում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր արարքի պարտակում, ինչի մեջ թաթախված է դատախազությունը ու ստանձնել է դրա հովանավորի դերը։

Լրահոս