ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, մնացած մանդատները բաշխվել են ՔՊ-ի եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի միջեւ: Վերջիններս կոալիցիա են կազմել ու հայտարարել,թե համայնքապետ է ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիրն» էլ հայտարարել էր, թե 10 ձայնով իրենց թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքի ղեկավար:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
Արմեն Բադալյանի արձանագրմամբ այն ընտրատարածքներում, որտեղ անգամ 1% -ի հնարավորություն կա ընտրության արդյունքները փոխել հօգուտ իրեն, Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է դա անել.
«Վարչապետը, տեսնելով որ ինքը մարզերում պարտվել է, փորձում է ընտրության արդյունքները փոխել, և սա շատ դեպքերում իրեն հաջողվում է: Այն վայրերում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել բիրտ ուժով իշխանությունը փոխում է հօգուտ իրեն»,-ասաց Արմեն Բադալյանը:
Փարաքարի ավագանին երեկ ևս նիստ էր հրավիրել համայնքապետի ընտրության հարցով: Նիստը թեև չկայացավ, սակայն ավագանու երեք խմբակցությունները «Ապրելու երկիրը», ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը հայտարարեցին, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Փարաքարում համատեղ կառավարում կիրականցնեն:
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ սա ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև հնարավոր գործարքի արդյունք է, ընդ որում գործարքը եղել է Նիկոլ Փաշինյանի իմացությամբ.
«Դա այն էր ինչ պետք էր վարչապետին, եթե չի ստացվում իր «մարդուն» դնել ղեկավար, փորձում է գնալ կոալիցիայի: Կարող է հենց վարչապետն էլ իր խմբակցության ասի գնացեք գործարքի: Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է, որտեղ չի հաջողվում իշխանություն վերցնել ասում է գնացեք կոալիցիայի, հետո կտեսնենքինչ կլինի, մինչև լեզու գտնեն»,-ասաց Բադալյանը և հավելեց, որ հնարավոր է Փարաքարում նաև նոր ընտրություններ անցկացվեն.
«Հիմա այս հարցը կփակվի, կզբաղվեն Վանաձորով, Վարդենիսով, հետո նորից կգան Փարաքար և հնարավոր է որոշեն, որ ոչ թե համատեղ ղեկավարում պետք է լինի, այլ պետք է գնան նոր ընտրությունների»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը նաև նկատեց, որ Փարաքարում համայնքապետի ընտրության հարցը մեծ «աղմուկ» է բարձրացրել նաև տեղի բնակիչների շրջանում, որոնք հաճախակի ակցիաներ են իրականացնում համայնքապետարանի շենքի դիմաց.
«Արցախի կորստի, պատերազմում զոհված զինվորների ծնողների իրավունքների պաշտպանության համար այդքան մարդ դուրս չէր գալիս պայքարի, որքան համայնքի ղեկավարի համար:Պաշտոնի կռիվը ավելի կարևոր է համայնքի բնակիչների համար, քան Արցախը կամ Սյունիքի անվտանգությունը, քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված են ով է լինելու իրենց համայնքապետը, քան Զանգեզուրի միջանցք լինելո՞ւ է, թե չի լինելու:Այս երևույթը ևս պետք է հաշվի առնել»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության անունը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: